Մարտի 15-ին, «Ալբերտ եւ Թովէ» ցուցասրահում բացվեց ֆրանսիաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի եւ կանադահայ նկարիչ քանդակագործ Գեւորգ-Ջորջ Քասսաբյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի նախաձեռնությունը Գեւորգ Քասսաբյանինն է, ով ծնվել է Հալեպում, ապա կյանքի մեծ մասն անցկացրել Կանադայում, իսկ 2012 թ․-ից հաստատվել Հայաստանում։ Անցյալ տարվա հոկտեմբերին Գեւորգը մեկնել է Փարիզ, այցելել 90-ամյա Դադերյանին եւ Հայաստան վերադարձել վերջինիս 1980-90-ականների գրաֆիկական ավելի քան 20 աշխատանքներով։ «Շատ եմ ցավում, որ Դադերյանի մասին Հայաստանի արվեստասեր հասարակությունը, մեղմ ասած, տեղյակ չէ, այն դեպքում, երբ Փարիզում ինքը բավականին հայտնի է։ Դադերյանի աշխատանքները հատուկ ուշադրության են արժանի, դրանք Հայաստանում ներկայացնելը կարեւոր է այնքանով, որքան սփյուռքահայ անցյալ դարի մնացած այն արվեստագետներին, ովքեր համապատասխան երկրներում ունեն ճանաչում, համբավ եւ եղանակ են ստեղծում»․ նշում է Քասսաբյանը՝ անդրադառնալով ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարին։

Read more >>>